Daily Archives: 2 Մյս 2022

Անբախտ վաճառականներ

Լեգենդ
Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թե՝ ե՜կ դառնանք վաճառական:
Ասին ու խելք-խելքի տըվին,
Հավան կացան, պայման դըրին.
Բայց՝ արի տես… որ փող չունեն:
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով,
Շահով, կարգով,
Փող վեր առան բավականին,
Ինչքան պետք էր իրենց բանին:
Չիղջը մընաց, տընպահ դառավ,
Ճայը բոլոր փողերն առավ,
Առավ, նըստեց նավի միջին,
Հասավ Մըսըր, Չինումաչին,
Ֆարս, Հընդըստան, Արաբըստան…
Է՜լ թանկագին քիրմանի շալ,
Էլ մարգարիտ, զըմրուխտ ու լալ,տ
Հընդու խուրմա, փըստա, բադամ,
Եվ… ո՛ր մեկի անունը տամ.
Ինչ որ տեսավ, աչքը սիրեց,
Առատ-առատ նավը լըցրեց.
Նավը լըցրեց հազար բարով
Ու ետ` եկած ճանապարհով
Ուրախ-ուրախ տուն էր գալի:
Ճամփին ծովում սարսափելի
Ալեկոծում, մըրրիկ ելավ,
Զարկեց, տարավ ապրանք ու նավ:
Միայն սովդաքյար Ճայը էնօր
Ազատվեցավ մերկ ու տըկլոր:
Ազատվեցավ — փառք իր ասծուեն,
Բայց ի՞նչ սըրտով խեղճը գա տուն.
Գա՛ — ի՞նչ, ասի պարտքատերին,
Ո՞նց երևա իր ընկերին…
Ընկերն էնտեղ՝ դուռը կըտրած,
Աչքը ճամփին, վիզը ծըռած,
Համրում է օրն օրի վըրա,
Թե՝ մեր Ճայը երբ պիտի գա…
Երկար նայեց, ճամփեն պահեց,
Շատ լավ ու վատ երազ տեսավ,
Մինչև պարտքի օրը հասավ,
Ու՝ մուրհակի թուղթը ձեռին,
Փուշը տընկվեց կըտեր ծերին:
— է՛յ, բարեկամ, ի՞նչ բանի եք.
Էլ չեք ասում թե պարտք ունեք…
Գործ բըռնեցիք, հորս ողորմի,
Ետ տվեք դե փողըս հիմի:
Թուղթ եք տըվել՝ վախտ իմացեք,
Ամոթ, աբուռ, ահ ունեցեք…
Թալան հո չի՞… մեղք եմ ես էլ…
Ախպե՜ր, էսպես բա՞ն եք տեսել.
Ոսկի տա մարդ իրեն ձեռով,
Չըկարենա առնի զոռո՞վ…
Սրանից հետո դե արի դու
Ու ձեռ մեկնի աղքատ մարդու…
Գոռգոռում էր ողջ թառակում, 
Հայհոյում էր, խայտառակում.
Ամեն մարդ էլ, ով որ լըսում,
Հենց մի բերան էն էր ասում.
— Ա՜յ ամոթ ձեզ, Չըղջիկ ու Ճայ,
Ի՛նչ ենք լըսում. — վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ.
Անուններըդ վաճառական,
Ու էս տեսակ խայտաոակ բա՞ն…
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ,
Չըղջիկ ու Ճայ…
Չըղջիկն էսպես միշտ լըսելիս
Սիրտը բերնով դուրս էր գալիս:
Բարկանում էր իրեն մըտքում,
Անիծում էր, չըքում, թըքում.
— Ա՜յ քու տունը քանդվի, ա՜ Ճայ,
Ա՜յ դու դառնաս գըրողի փայ.
Էս ի՞նչ բան էր, որ դու արիր,
Գլուխս էս ի՞նչ փորձանք բերիր…
Ու խընդրում էր ամեն անգամ.
— Մի՜ նեղանար, Փուշ բարեկամ,
Շատ ես կացել,
Կա՜ց մի քիչ էլ.
Թուղթ ըստացա երեկ Ճայից,
Թե՝ դուրս եկա Արաբիայից.
Որտեղ որ է՝ շուտով կըգա,
Դեռ մի բան էլ ավել կըտա…
— Ես չեմ ուզում ավելն, ախպեր,
Կանխիկ համրած իմ փողը բեր.
Շահ եք գըրել,
Վախտ եք դըրել.
Ինչ գըրած ա, էն եմ ասում,
Ձեզնից ավել բան չեմ ուզում:
— Չէ՛, աղա Փուշ,
Թե վաղ, թե ուշ,
Փողն իր կարգին, շահն իր կարգին,
Իսկ պատիվըդ… ես իմ հոգին…
Ես հույս ունեմ… ասենք պարտք ենք…
Բայց չէ՞ ախար մենք էլ մարդ ենք…
Չէ՜, քու արածն ով մոռանա,
Իր աստվածն էլ նա կուրանա…
Խեղճը էսպես լեզու ածավ,
Շատ հույս տըվավ, շատ խոստացավ,
Շատ սուտ ասավ պարտքատերին,
Շատ ըսպասեց իր ընկերին.
Բայց ընկերը չըկա՛, չըկա՛:
— Էս ի՛նչ ցավ էր. աստված վըկա.
Ի՞նչ իմ բանն էր՝ մըտա մեջը,
Որ խայտառակ լինեմ վերջը…
Ի՞նչպես պըրծնեմ էս կըրակից,
Էս ահագին պարտքի տակից,
Էլ ի՞նչ ասեմ,
Ո՞նց ըսպասեմ.
Նա ե՞րբ կըգա, ի՞նչ իմանամ,
Ո՞ր ջուրն ընկնեմ… ո՞ւմ մոտ գընամ….
Շատ միտք առավ,
Դես-դեն թըռավ,
Ինչ որ ուներ տանը, հագին,
Ողջ հավաքեց, տըվավ պարտքին,
Ցիփ մերկացավ:
Էլ չըպըրծավ:
Վերջը տեսավ, որ ճար չեղավ,
Թևեր առավ, ինքն էլ փախավ,
Փախավ, կորավ, որ էլ էնպես,
Դատարկ, սընանկ ու սևերես,
Ոչ պատահի պարտքատերին,
Ոչ երևա լույս աշխարհին:
Այնուհետև իր նամուսից,
Չըղջիկը մերկ, փախած լուսից,
Ցերեկները դես-դեն թաքչում,
Գիշերն է միշտ մըթնում թըռչում,
Որ չերևա իր թայ-թաշին,
Ոչ պարտքատեր աղա-Փուշին:
Ճայն էլ ծովում, ճըչում, ծըվում,
Ջուրն է մըտնում,
Դուրս է պըրծնում,
Թևին տալիս,
Ման է գալիս,
Թե մի գուցե բախտը բանի,
Կորուստն էլ ետ ջըրից հանի:
Իսկ Փուշն, արդեն հույսը հատած,
Ճանկ ու ատամ սուր պատրաստած,
Կողքովն ով որ անց է կենում՝
Քաշում է փեշն ու հարցընում,
Թե չե՞ն տեսել մեկն ու մեկին,
Էն լիրբ Ճային կամ Չըղջիկին.
Ու էն օրից մինչև օրս էլ
Մեկը մեկին դեռ չեն տեսել:

Առաջադրանքներ

Կարդալ՝ դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերն ու արտահայտությունները։

Պարտքատեր-պարտքի տեր

Համրել-թվարկել

Մուրհակ-պարտագիր

Աբուռ-ամոթ

Շահ-օգուտ

Ուրանալ-հրաժարվել

Լեզու ածել-աղաչել

Ցիփ-բոլորովին

Սնանկ-կոտր ընկած

Նամուս-պատիվ

Թաքչել-թաքնվել

Նկարագրիր լեգենդի հերոսներին։

Այս լեգենդի հերոսները վաճառականներ էին։ Ճայը սուտասան էր և շահամոլ, իսկ չղջիկը` բարի, բայց գոռգոռան։

Արձակ շարադրանքի միջոցով պատմի’ր լեգենդի բովանդակությունը։

Մի օր Չղջիկն ու Ճայը դարձան վաճառականներ, սկսեցին ինչ-որ ձևով գումար հայթայթել։ Հետո ինչ-որ պայման կապեցին։ Ճայը շատ հարստացավ և գնեց իր սեփական նավը և գնաց տարբեր երկրներ, որտեղ տարբեր զարդեր և այլ իրեր գնեց, իսկ չղջիկն էլ մնացել էր նույն տեղը և սպասում էր ճային, որովհետև ճայը պարտք ուներ նրան տալու։ Երբ ճայը վերադարձավ, նրանք սկսեցին վիճել։ Ճայը անըդհատ ստեր էր հորինում, իսկ չղջիկն էլ՝ գոռգոռում։ Այս դեպքից հետո նրանց ոչ ոք չի տեսել։ Հետո անցորդները, երբ անցնում էին, իրար հարցեր էին տալիս Ճայի և Չղջիկի մասին։

Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

Չղջիկների մասին տեղեկություններ հայթայթիր և համառոտ ներկայացրո’ւ։

Հայտնի է չղջիկների 1100 տեսակ։

Չղջիկները կարող են ապրել ավելի քան 30 տարի:

Գոյատևելու համար չղջիկներին ջուր պետք չէ:

Մեր մոլորակի վրա սա միակ կենդանին է, որը կարող է թռչել։

Փորձի’ր փշի կամ չղջիկի մասին մի լեգենդ հորինել և ձայնագրել։

Մի օր չղջիկը թռնում էր գիշերով և այգում հանկարծ նկատեց ինչ-որ տարօրինակ բան։ Նա իր ոտիկները մոտեցրեց այդ տարօրինակ բանին, բայց այն ծակեց։ Մի քանի օր անց նա լսեց, թե ինչպես են մարդիկ խոսում փշերի մասին։ Նա երկար մտածեց փշերի մասին, բոլորին հարց ու փորձ արեց և հասկացավ, որ այն ծակող բանը փուշ է։ Նա այդ ամենտ պատմեց կենդանիներին։ Իրականում մյուս կենդանիները չգիտեին, թե փուշը ինչ է։ Այդպիսով չղջիկի շնորհիվ հիմա բոլոր կենդանիները գիտեն, թե փուշը ինչ է։

Արծիվն ու կաղնին․ իմ կազմած առաջադրանքները

Արծիվն ու կաղնին

Հեղինակ՝ Հովհաննես Թումանյան

Եղավ՝ մի անգամ անտառի միջին
Արծիվն ու Կաղնին էսպես վիճեցին,
Թե ո՜րն իրենցից շատ տարի կապրի,
Ո՜րն է դիմացկուն ու պինդ ավելի:

Արծիվն ասավ՝ ես. Կաղնին էլ թե՝ ես:
Երկուսն էլ համառ ու հըպարտ էսպես՝
Մեծ-մեծ պարծեցան, սաստիկ վիճեցին,
Վերջը էս տեսակ պայման կապեցին:
Ժամանակ դըրին հինգհարյուր տարի

Արքան հավքերի, արքան անտառի,
Որ թե որոշված էն օրին հասնեն,
Էն օրը մին էլ գան իրար տեսնեն:
Ու Արծիվն իսկույն Կաղնուց հեռացավ,
Հըզոր թևերը շարժեց, վերացավ

Դեպի ամպերը, դեպ ժայռերը,
Ուր անց է կացնում իր լավ օրերը:
Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,
Խո՜ր ու խոր մխեց ճանկերն արմատի
Ու էնպես հուժկու կանգնեց անտառում,

Որ վայր չընկնի էլ հինգհարյուր տարում:
Դարե՜ր անց կացան: Եվ ահա մի օր
Արծիվը եկավ ծերացած, անզոր,
Ծըվոցը կըտրած, տըկար, հևալով,
Թույլ-թույլ թևերը հազիվ քարշ տալով

Տեղ հասավ մի կերպ, նայեց դես ու դեն,
Տեսավ, որ Կաղնին ընկել էր արդեն.
Ճյուղերը թեև դեռ թարմ ու կանաչ,
Ընկել էր ահեղ փոթորկի առաջ:
— Հե՜յ, կանչեց, գոռոզ, պարծենկո՜տ Կաղնի,

Դե լավ ճանաչիր ինձ ու քեզ հիմի.
Հինգհարյուր տարուց մի ժամ էլ դեռ կա,
Ընկել ես արդեն, անկոտրում հըսկա:
— Հինգհարյուր տարի ապրել եմ կանգնած,
Էդքան էլ կապրեմ դեռ էսպես թիկնած,

Մինչև լըրանա մի հազար տարին:
Պատասխան տըվավ ընկած վիթխարին:

1898

Իմ կազմած առաջադրանքները՝


Ովքե՞ր էին բալլադի հերոսները։

ա․ գայլ, ոչխար
բ․ արծիվ, կաղնի
գ․ աղվես, աքաղաղ

Ինչի՞ մասին էր այս բալլադը։
ա․ պարծենկոտության և իմաստության մասին
բ․ շատակերության մասին

գ․ ծերության և երիտասարդության մասին


Քանի՞ տարեկանում է Հովհաննեսը(ծնվել է 1869թ․-ին) գրել այս ստեղծագործությունը։
ա․ 29
բ․ 31

գ․ 13


Համացանցում գտի՛ր, թե, որ ընտանիքին են պատկանում կաղնիները։
ա․ Վարդազգիներ
բ․ Հաճարազգիներ

գ․ Սոճազգիներ


Ո՞ր թռչունն է համարվում բոլոր թռչունների արքան։
ա․ ջայլամ
բ․ բազե
գ․ արծիվ