Daily Archives: 26 Սպտ 2022

Մուշեղ Գալշոյան․ Սպասում

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
—  Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:

Առաջադրանքներ

  1. Տեքստի անծանոթ բառերը դուրս գրեք, բառարանի օգնությամբ բացատրեք և սովորեք:

Վնգստալ-կաղկանձել

Գոցել-փակել

Հատուկենտ-մի քանի

Չափչփել-թափառել

Մարկ-Գերմանական դրամական միավոր

Շվարել-մոլորվել

Ծրարել-փաթեթավորել

Հուսախաբ-հիասթափված

Դեռատի-դեռահասակ

Այր-տղամարդ

Ակամա-իր կամքին հակառակ

Մղում-ձգտում

  1. Մգեցրած բառերը վանկատեք, ուշադրություն դարձրեք գաղտնավանկի Ը-ին:

Բարձրացնել-բարձ-րաց-նել

Գրպաններ-գըր-պան-ներ

Վնգստում-վըն-գըս-տում

Շրջադարձում-շըր-ջա-դար-ձում

Խորքում-խոր-քում

Շփեց-շը-փեց

Մարդու-մար-դու

Ջարդում-ջար-դում

Թատրոնի-թատ-րո-նի

Մղում-մը-ղում

Գրպանեց-գըր-պա-նեց

Ցտեսություն-ցը-տե-սու-թյուն

  1. Ըստ տեքստի բնութագրեք Կոմիտասին:

Ըստ տեքստի Կոմիտասը շատ բարեսիրտ, հոգատար, կամքի տեր, խելացի և շնորհակալ մարդ էր։

  1. Ինչի՞ց Կամիտասը հասկացավ, որ դրամապանակի տերն աղքատ մարդ է:

Կոմիտասը հասկացավ, որ դրամապանակի տերն աղքատ էր այն բանից, որովհետև այն շատ մաշված էր և հին։

  1. Եթե դուք լինեիք Կոմիտասի փոխարեն, ինչպե՞ս կվարվեիք:

Եթե ես լինեի Կոմիտասի փոխարեն, ապա այդ դրամապանակը կվերցնեի և կդնեի մոտակայքում գտնվող մի ապահով տեղ, որպեսզի մարդիկ ոտքերով չհարվածեին։ Իսկ ինչու հենց այդպես, որովհետև միգուցե, եթե ես շարունակ-շարունակ սպասեի կարող էր տերը չգալ և իմ սպասելը անիմաստ կլիներ, դրա համար ճիշտը ինչ-որ ապահով տեղ դնելն էր։

  1. Դուրս գրեք պատմվածքի ձեր կարծիքով ամենակարևոր հատվածը:

Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…

  1. Պատմվածքից դուրս գրեք 7 բառ, որոնց հնչյուններն ու տառերը քանակով չեն hահմապատասխանում:

Երաժշտանոց

Գրպանել

Շրջադարձում

Թեթև

Ոտնաման

Ցտեսություն

Եկեղեցի

Զարմանալի և հետաքրքիր փաստեր Կոմիտաս վարդապետի մասին

25 հետաքրքիր փաստ Կոմիտաս Վարդապետի կյանքից

1. Ծնվել է Թուրքիայի Քյոթահիա քաղաքում: Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Հայրը կոշկակար էր,  մայրը՝ գորգագործ: Երկուսն էլ բնատուր հրաշալի ձայն ունեին ու սիրում էին երաժշտությունն ու երգը:

 

 

2. Երբ Կոմիտասը ծնվեց, մայրը 16 տարեկան էր:

 

3. Կոմիտասը 6 ամսական էր, երբ մահանում է մայրը, իսկ տասը տարեկանում կորցնում է նաև հորը: Կոմիտասին դաստիարակել է հորական տատը: Դասարանցիների պատմելով՝ նիհար ու գունատ տղա էր, խոհեմ ու բարի։ Վատ էր հագնվում: Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։

 

4. Հիանալի երգում էր: Քյոթահիայում նրան անվանում էին «Թափառական փոքրիկ երգիչ»։

5. 1881թ. Գևորգ կաթողիկոսի հրահանգով Գևորգ վարդապետը մեկնում է Քյոթահիա՝ մի որբ աշակերտ գտնելու: 20 երեխաների միջից ընտրվում է Սողոմոնը: Հոկտեմբերին մեկնում են Էջմիածին՝ հանդիպելու Կաթողիկոսին: Կաթողիկոսը սկսում է խոսել հայերեն, Սողոմոնը ոչինչ չի հասկանում. Քյոթահիայում հայերեն խոսելն արգելված էր, տղան միայն թուրքերեն գիտեր: Բարկացած կաթողիկոսն ասում է, որ եթե հայերեն չգիտի, ուրեմն այդտեղ անելիք չունի: (Ճեմարանում կրթությունը հայերեն լեզվով էր): Սողոմոնն էլ ասում է. «Ես էլ եկել եմ սովորելու»: Ու երգում է «Լույս Զվարթ» երգը՝ առանց բառերը հասկանալու: Կաթողիկոսը չի կարողանում զսպել արցունքները:

 

 

 

6. ժողովրդական երգերի նրա առաջին՝ «Շար Ակնա ժողովրդական երգերի» հավաքածուն ներառում էր սիրային, հարսանեկան, օրորոցային ու պարային 25 երգ։ Էջմիածնի պահպանողական հոգևորականները չէին թաքցնում իրենց դժգոհությունը, հալածում էին Կոմիտասին և հեգնանքով անվանում «սեր երգող քահանա»։

 

7. Երբ Սողոմոնը ձայնագրում էր Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը, գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը:

8. Մի օր դաշտում քայլելիս լսում է էշի զռոցը: Անմիջապես մի թղթի կտոր է վերցնում և սկսում ձայնագրել ու հանդիմանում է էշին, թե. «Ա՛յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:

 

 

9. Սողոմոն Սողոմոնյանը օծվել է 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունով։

 

10. Խոսում էր Հայաստանի տարբեր բարբառներով:

 

11. Անչափ գեղեցիկ ձեռագիր ուներ, նոտագրում էր առանց ջնջումների: