Daily Archives: 18 Սպտ 2023

Էդմոնդո դե Ամիչիս. «Սիրտը», Ստրադիի փոքրիկ գրադարանը

Ստրադիի փոքրիկ գրադարանը

Ես հյուրընկալվել էի Ստրադիին, ով ապրում է դպրոցի հարևանությամբ, տեսա նրա գրադարանը և նախանձեցի նրան: Ստրադին ամենևին էլ հարուստ չի և չի կարող շատ գրքեր գնել, սակայն մեծ հոգատարությամբ պահպանում է դպրոցական իր բոլոր գրքերը և նաև այն գրքերը, որոնք նվիրում են ծնողները: Իսկ երբ Ստրադիին գումար են տալիս, կուտակում է և հետո ծախսում գրքերի վրա: Այդ կերպ նա արդեն հավաքել է մի փոքրիկ գրադարան, և երբ հայրը նկատել է տղայի այդ նախասիրությունը, նրա համար գնել է  ընկույզի ծառից պատրաստված, կանաչ վարագույրներով հրաշալի գրապահարան և գրեթե բոլոր գրքերը տվել է տարբեր գույներով կազմելու` ըստ տղայի նախընտրության:

Եվ ահա այսօր Ստրադին քաշեց պարանից, և կանաչ վարագույրը բացվեց. ես տեսա երեք շարքով կոկիկ դասավորված գունավոր գրքերը` փայլփլուն, կազմերը` ոսկետառ գլխագրերով: Այստեղ կային և  հեքիաթներ, և ճամփորդությունների մասին գրքեր, և  բանաստեղծություններ, և պարզապես պատկերազարդ գրքեր: Ստրադին դրանք շարել էր ըստ գույների: Սպիտակ հատորյակները դրել էր կարմիրների կողքին, դեղինները` սևերի, կապույտները` սպիտակների` այնպես, որ դրանք հեռվից երևում էին և շատ գեղեցիկ տեսք ունեին: Իսկ հետո Ստրադին դրանք վերադասավորելով զվարճանում է: Նա իր համար տեղեկատու է պատրաստել, կարծես իսկական գրադարանավար լիներ և անընդհատ պտտվում է գրքերի շուրջ, մաքրում դրանց փոշին, թերթում, ուսումնասիրում կազմերը:  Պետք էր տեսնել, թե ինչպիսի զգուշությամբ էր նա բացում գրքերն իր հաստ ու կարճլիկ մատներով, փչելով էջերի վրա, որոնք հաճախ դեռ լրիվ նոր էին:
Իսկ իմ բոլոր գրքերը մաշված են:
Երբ Ստրադիին հաջողվում է նոր գիրք գնել, դա նրա համար իսկական տոն է դառնում:  Նա շոյում է գիրքը, դնում է իր տեղը և կրկին ձեռքն է առնում` զննելով ամեն կողմից և խնամքով  թաքցնում է, ինչպես մի թանկարժեք գանձ:

Ամբողջ մեկ ժամվա ընթացքում  նա ինձ ուրիշ ոչ մի բան ցույց չտվեց: Նույնիսկ աչքերն են ցավում շատ կարդալուց: Երբ ես նրա մոտ էի, սենյակ մտավ Ստրադիի հայրը, ով նույնպես գեր ու ամրակազմ է, նաև` մեծ գլխով: Նա երկու անգամ թմփթմփացրեց տղայի կզակին և ասաց ինձ իր կոպիտ ձայնով.
—  Դե, ինչ կասես այս հաստագլուխ տղայի մասին:
Իսկ Ստրադին, ինչպես մի մեծ հավատարիմ շուն, կկոցում էր աչքերը հոր կոպիտ փաղաքշանքներից: Չգիտեմ ինչու` ես չէի համարձակվում հիմարություններ անել նրա ներկայությամբ, և ինձ համար տարօրինակ էր, որ Ստրադին ընդամենը մեկ տարով է մեծ ինձնից: Իսկ բաժանվելիս, երբ նա իր սովորական խոժոռ դեմքով ասաց` ցտեսություն, ես քիչ մնաց պատասխանեի. <<Մնաք բարով, սինյոր>>:
Երբ տուն վերադարձա, հայրիկիս ասացի.
—  Չեմ հասկանում, Ստրադին ոչ որևէ հատուկ տաղանդ ունի, ոչ բարեկիրթ վարվելաձև և համարյա ծիծաղելի տեսք ունի, այդուհանդերձ ես ինձ ցածր եմ զգում նրանից:
—  Դա այն պատճառով է, —  ասաց հայրս, —  որ նա հաստատակամ տղա է:
— Միասին անցկացրած այդ մեկ ժամվա ընթացքում, —  շարունակեցի ես, —  նա հիսուն բառ էլ չասաց, ցույց չտվեց ոչ մի խաղալիք, ոչ մի անգամ չծիծաղեց, բայց այդ ամենով հանդերձ` ինձ նրա հետ հետաքրքիր էր:
— Որովհետև դու հարգում ես նրան, —  պատասխանեց հայրս:

Այս հատվածի առաջադրանքը՝

2. Ո՞վ է ուսուցիչը քեզ համար:

Ինձ համար ուսուցիչը սովորողների ավագ ընկերն է։ Ինչպես ընկերոջը, այնպես էլ՝ ուսուցչին պետք է հարգենք, օգնենք։ Ուսուցիչը նույնպես մարդ է, ունի իր խնդիրները։ Դրա համար մենք պետք է օգնենք նրան, ձեռք չառնենք, հարգենք և ամենակարևորը սիրենք։