Daily Archives: 14 Հկտ 2023

Առյուծն ու մարդը

ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։
—Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։
—Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք
անկէ։
—Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։
—Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
—Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։

Առիւծը կ’ըսէ.
—Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։
Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։
Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ* կը կապէ կաղնիի ծառին, ապա
ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։
Առիւծը կը գոչէ.
—Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կը վայելէ։
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ

Առյուծն ու մարդը

Մի զորավոր առյուծ, որը նստած էր ժայռի վրա, տեսավ, որ գազանները սարսափահար վազում են։ Առյուծը հարցնում է, թե ինչո՞ւ են փախչում և ո՞ւմից են փախչում։

-Դու էլ փախիր,-ասում են,-որովհետև մարդ է գալիս։

-Ո՞վ է այդ մարդը,-հարցնում է Առյուծը,-և ի՞նչ է նրա ուժը, որ իրենից փախնում եք։

-Կգա քեզ էլ կվնասի,-ասում են։

Իր ուժերին վստահ Առյուծը մնում է տեղում։ Եվ ահա գալիս է հողագործ մարդը։

-Արի կռվենք,-ասում է հպարտ Առյուծը։

-Շատ լավ,-ասում է մարդը,-բայց քո զենքերը հետդ են, իսկ իմ իրերը տանն են։ Քեզ կապեմ, որպեսզի չփախչես, իսկ ես գնամ և բերեմ զենքերս, որպեսզի կռվենք։ 

Առյուծը ասում է․

-Երդվի, որ պետք է գաս և ես կընդունեմ ասածդ։

Մարդը երդվում է, և Առյուծը համաձայնում է կապվել։

Մարդը հանում է պարանը և Առյուծին պինդ կապում է կաղնու ծառին, ապա ծառի հաստ ճյուղը կտրում է և սկսում է հարվածել Առյուծին։

Առյուծը գոչում է․

-Ավելի ուժեղ և անխնա հարվածիր կողքերիս, որովհետև այս խելքիս միայն այսպիսի հարվածն է համապատասխան։

Առակի ասելիքն այն է, որ միշտ չէ, որ մարդիկ անկեղծ են լինում և ազնիվ։ Դրա համար չպետք է միամիտ լինել։ Առյուծը հավատաց, որ մարդը, իրոք, արդար է և սուտ չի երդվում։ Բայց իրականում այդպես չէր ու տուժողը ինչպես միշտ եղավ միամիտը։